Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Kings 11

:
Armenian - NEA
1 Օքոզիայի մայր Գոթողիան երբ տեսավ իր որդիների մահը, կոտորեց ամբողջ թագավորական սերունդը,
2 բայց Հովրամ արքայի դուստրը՝ Օքոզիայի քույր Հոսաբեեն, Օքոզիայի որդի Հովասին վերցրեց արքայի սպանված որդիների միջից, նրան ու նրա դայակին Գոթողիայից փախցրեց և թաքցրեց ննջասենյակում։ Հովասը փրկվեց։
3 Նա վեց տարի նրա հետ Տիրոջ տանը թաքնվեց, երբ Գոթողիան թագավորում էր երկրում։
4 Յոթերորդ տարում Հովիդայե քահանան Տիրոջ տուն կանչեց հարյուրապետներին, թիկնապահներին ու սուրհանդակ զինվորներին, ու նրանց Տիրոջ անունով երդվեցնելով՝ նրանց ցույց տվեց արքայի որդուն։
5 Նա պատվիրելով նրանց՝ ասաց. «Ձեր անելիքն այս է. ձեր մեկ երրորդ մասը եկող շաբաթ օրն ստանձնելու է արքունի տան դռան պահպանությունը,
6 մյուս մեկ երրորդ մասը՝ ճանապարհների դռան, իսկ մյուս մեկ երրորդ մասը՝ պահապան զինվորների հետևի դռան պահպանությունը։ Պիտի պահպանեք տան ապահովությունը։
7 Մյուս երկու խմբերը, որոնք եկող շաբաթ օրը ծառայության մեջ չեն, թող գան և պահպանեն Տիրոջ տունը, որտեղ գտնվում է թագավորը,
8 և արքայի շուրջը պահպանություն կանեք՝ ձեռքում ունենալով ձեր զենքերը, և ով շարքերին մոտենա, թող մեռնի»։ Եվ ինքը թագավորի հետ էր մտնելիս և ելնելիս։
9 Հարյուրապետներն արեցին այն, ինչ Հովիդայեն՝ իմաստունը, պատվիրել էր. ամեն մեկն առավ իր մարդկանց՝ թե՛ նրանց, որոնք շաբաթ օրը պահպանություն անելու էին կոչված և թե՛ նրանց, որոնք այդ օրը վերջացրել էին իրենց ծառայությունը, և եկավ Հովիդայե քահանայի մոտ։
10 Քահանան Դավիթ արքայի՝ Տիրոջ տանը գտնվող գեղարդներն ու զենքերը տվեց հարյուրապետներին։
11 Հետևակ զինվորները եկան ու իրենց զենքերը ձեռքներին կանգնեցին տան աջ անկյունից մինչև ձախ անկյունը, զոհասեղանի ու արքունի տան շուրջը։
12 Հովիդայեն բերել տվեց արքայի որդուն, նրա գլխին դրեց թագը, նրան հանձնեց Օրենքի գիրքը, նրան օծելով՝ թագավոր դարձրեց և ծափ զարկեց ու ասաց. «Կեցցե՛ արքան»։
13 Գոթողիան, լսելով շարժման մեջ եղող մարդկանց աղմուկը, եկավ նրանց մոտ, մտավ Տիրոջ տունը
14 և տեսավ, որ արքան, ինչպես կարգն է, կանգնել է սյան մոտ, իսկ երգիչներն ու փողհարները՝ նրա շուրջը։ Երկրի ամբողջ ժողովուրդը ուրախանում էր և փող հնչեցնում։ Գոթողիան պատառոտեց իր հագուստները և աղաղակեց՝ ասելով. «Դա՜վ է, դա՜վ»։
15 Հովիդայե քահանան պատվիրեց զորքի հարյուրապետներին՝ ասելով. «Դո՛ւրս բերեք նրան շարքերից, և ով որ գնա նրա հետևից, թող սրով սպանվի»։ Քահանան չէր ուզում, որ նա Տիրոջ տանը սպանվի։
16 Նրան բռնեցին, և երբ իրենք արքունի տուն տանող երիվարների ճանապարհով ընթանում էին, սպանեցին նրան։
17 Հովիդայեն Տիրոջ և արքայի, ինչպես և արքայի ու ժողովրդի միջև ուխտ դրեց, որ իրենք կլինեն Տիրոջ ժողովուրդը։
18 Երկրի բոլոր մարդիկ գնացին Բահաղի մեհյանը, կործանեցին այն, ջարդուփշուր արեցին նրա զոհասեղանները, նրա արձանները, Բահաղի քուրմ Մաթանին սպանեցին զոհասեղանի դիմաց։ Քահանան հսկիչ ոստիկաններ նշանակեց Տիրոջ տան վրա։
19 Նա հարյուրապետներին, թիկնապահներին, սուրհանդակ զինվորներին ու երկրի ամբողջ ժողովրդին վերցնելով արքային դուրս բերեց Տիրոջ տնից, սուրհանդակների դռան ճանապարհով բերեց արքունի տուն և նրան թագավորական գահին նստեցրեց։
20 Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, քաղաքը հանդարտվեց։ Գոթողիային արքունի տան մոտ սպանել էին սրով։